Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպումը կարող է կայանալ Արաբական Միացյալ Էմիրություններում, Կրեմլում այդ երկրի նախագահի հետ բանակցությունների ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ շատ բարեկամ երկրներ ունեն, որոնք պատրաստ են օգնել՝ կազմակերպելու նման միջոցառումներ, սակայն ամենահարմար վայրերից մեկը հենց ԱՄԷ-ն է:
Իսկ արդյոք պատրաստ է հանդիպել նաև Ուկրաինայի նախագահի հետ: Պուտինը պատասխանել է. - «Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ընդհանուր առմամբ ոչինչ չունեմ դրա դեմ, դա հնարավոր է։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ։ Ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք նման պայմաններ ստեղծելուց»։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական ասել էր, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը երեկ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահի հանդիպմանը, սկզբունքորեն համաձայնել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու շուրջ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Յուրի Ուշակովն ասել է, որ կողմերն արդեն նախապատրաստում են հանդիպումը, վայրը նույնպես համաձայնեցված է, սակայն դրա մասին կհայտնեն ավելի ուշ: Անդրադառնալով հանդիպմանը Ուկրաինայի նախագահի մասնակցության հնարավորությանը, ինչի մասին երեկ խոսել էր ԱՄՆ նախագահը, Ուշակովն ասել է, որ դա չի քննարկվել:
«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ինչի մասին երեկ չգիտես
ինչու խոսեցին Վաշինգտոնում, այդ տարբերակը ամերիկացի ներկայացուցիչը պարզապես հիշատակել է ... սակայն այն կոնկրետ չի քննարկվել: Ռուսական կողմն այն թողել է առանց որևէ մեկնաբանության», - հայտարարել է Պուտինի օգնականը:
Ուշակովը նաև հայտնել է, որ հանդիպման հնարավոր ժամկետ է նախանշված հաջորդ շաբաթը, սակայն ընդգծել է, որ չի կարող ասել, թե որքան կտևեն նախապատրաստական աշխատանքները: CNN-ը նշում է, որ նման կարճ ժամկետում նման հանդիպում կազմակերպելը թերևս շատ դժվար կլինի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինն առաջիկա օրերին կհանդիպենՄինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երեկ Մոսկվայում իր հատուկ բանագնացի և Ռուսաստանի նախագահի հանդիպմանը «մեծ առաջընթաց է գրանցվել», և շատ հավանական է, որ շուտով հանդիպում լինի իր և Վլադիմիր Պուտինի, ապա նաև եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ:
Լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք Պուտինը որևէ բան է առաջարկել հանդիպման դիմաց: Թրամփը հստակ չի պատասխանել, միայն ասել է, որ շատ արդյունավետ բանակցություններ են եղել։ Ապա հարց է հնչել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները համաձայնե՞լ են հանդիպել, ինչին պատասխանել է. - «Շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կհամաձայնեն: Դեռ չենք որոշել հանդիպման վայրը։ Բայց այսօր շատ լավ բանակցություններ են եղել նախագահ Պուտինի հետ։ Եվ շատ հավանական է, որ ... շուտով հանդիպում տեղի ունենա»:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Մոսկվա Ուիթքոֆի այցից հետո Թրամփը Ուկրաինայի նախագահի և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրադադարի հնարավորություն կա։ Սպիտակ տան ղեկավարը կարծիք է հայտնել, որ Պուտինը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ սկսել «տարածքների փոխանակման հարցի քննարկման դիմաց»։ Կրեմլը սա չի մեկնաբանել:
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հիմնական տարրերը կլինեն տարածքային հարցերը: Խոսելով հաջորդ շաբաթ Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորության մասին՝ Մարկո Ռուբիոն ասել է, որ դեռ զգալի աշխատանք է պետք անել հանդիպումից առաջ, որպեսզի այն արդյունավետ լինի:
«Այսօր լավ օր էր, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Դեռ շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, և հուսով ենք դա անել առաջիկա օրերին, ժամերին, գուցե շաբաթներին», - ասել է պետքարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածքային հարցերը կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հիմնական տարրերը. ՌուբիոՄոսկվա Ուիթքոֆի այցից անմիջապես հետո երեկ Թրամփը 25 տոկոս հավելյալ մաքսատուրք սահմանեց Հնդկաստանի համար՝ ռուսական նավթը գնելու պատճառով: Reuters-ը Սպիտակ տան ներկայացուցչին հղումով հայտնում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ևս կկիրառի խոստացված երկրորդային պատժամիջոցները և այդ մասին կհայտարարի ուրբաթ օրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը 25 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանել հնդկական ապրանքների համարՈւշակովի հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահն այսօր հայտնել է, որ Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է երկու երկրների դիրքորոշումը Պուտին-Թրամփ հանդիպման, ինչպես նաև դրան իր հնարավոր մասնակցության մասին: Զելենսկին գրել է, որ Ուկրաինան բանակցություններից չի վախենում և նույնն էլ Մոսկվայից է ակնկալում: «Ժամանակն է ավարտել պատերազմը», - սոցցանցում գրել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Մենք բանակցություններից չենք վախենում»Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ և ներկայացրել Թրամփի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Կիևի դիրքորոշումը: Զելենսկին նշել է, որ Ռուսաստանից դեռ հրապարակային արձագանք չկա «իրական հրադադարի» պատրաստակամության վերաբերյալ։
«Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և հավասարապես տեսնում Եվրոպայի համար անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ եվրոպական ընդհանուր տեսակետ ունենալու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն, իր հերթին, հայտնել է, որ խոսել է Զելենսկիի հետ, քննարկել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ հաջորդ քայլերը, նաև Եվրամիությանը Ուկրաինայի ապագա անդամակցության և երկրի վերակառուցման հարցերը:
Չնայած դիվանագիտական ճակատում այս զարգացումներին՝ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ: Ռուսական զինուժը հարվածել է Նիկոպոլին, զոհվել է երեք մարդ, ևս մեկ մարդ տուժել է Սումիում: Հարվածել են նաև Դնեպրոպետրովսկին:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռոստովի, Բելգորոդի մարզերին, Վոլգոգրադում հարվածել են առնվազն երկու երկաթուղային կայարանի, Կրասնոդարում վնասել են երկաթուղու ենթակառուցվածքը, հարվածել են նավթավերամշակման գործարանի: