Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք Թրամփ-Փաշինյան-Ալիև բանակցություններում ամենակարևորն այն է, թե արդյոք կլինի որևէ առաջընթաց խաղաղության համաձայնագրի առումով, օրինակ՝ նախաստորագրում կամ որևէ միջանկյալ փաստաթղթի ստորագրում, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց անվտանգության և հակամարտությունների հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը:
«Երևի նույնիսկ այս քայլն այնքան կարևոր չէ գործնական արդյունքների առումով, որքան այն, թե արդյոք դա բավարար կլինի, որ Թուրքիան մեկ քայլ առաջ անի և վերջապես սկսի իրականացնել երեք տարի առաջ ձեռք բերված համաձայնությունները՝ սահմանի բացման մեկնարկի և ուղիղ առևտրի հաստատման վերաբերյալ։ Եվ երկրորդը՝ նույնպես շատ կարևոր բան՝ կարո՞ղ են լինել ավելի շատ մանրամասներ կամ գուցե նույնիսկ որոշ հաղորդագրություններ կամ հայտարարություններ տարանցիկ հաղորդակցությունների և դրանցում ամերիկյան կողմի մասնակցության վերաբերյալ», - նշեց Վարդանյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ուրբաթ երեկոյան նախ կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, ապա Ադրբեջանի նախագահի: Այս հանդիպումներից հետո նա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, հայտնել է մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը:
Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:
Հարցին, թե կա՞ն նոր մանրամասներ ամերիկյան առաջարկի վերաբերյալ, որոնց մասին հենց ինքը՝ Վարդանյանն էր հաղորդել Քարնեգիի համար գրված հոդվածում, փորձագետը պատասխանեց. «Հավանաբար այստեղ ամենակարևորը հիմա այն է, թե ով է վճարելու դրա համար։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք կլինեն լրացուցիչ ներդրումներ, քանի որ նույնիսկ եթե մենք սկսենք կառուցել այս տրանսպորտային կապը Հայաստանի հարավով, այնտեղ ներդրումներ են անհրաժեշտ՝ առնվազն ճանապարհը վերականգնելու, և երկրորդ՝ այն ընդլայնելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի»Վարդանյանը հավելեց՝ այստեղ կարևոր հարցը նույնիսկ այն չէ, թե ինչ և ինչպես կստանա հայկական կողմը, այլ այն, թե որքան ժամանակով ամերիկյան կողմը կներառվի բանակցային գործընթացում։
«Այստեղ խոսքն ամերիկյան կողմի ներգրավվածության մասին է, թե որքան ժամանակ այն կշարունակվի, որքան հետաքրքրություն կլինի այս դիվանագիտական ջանքերի մեջ ներդրումներ կատարելու նկատմամբ, շատ բան կախված կլինի դրանից։ Այսինքն՝ եթե հիմա կողմերը որևէ համաձայնության հասնեն, կամ որևէ գործընթաց սկսվի տրանսպորտային հաղորդակցության վերականգնման առումով, գուցե սա լինի որոշակի առաջին քայլ», - նկատեց փորձագետը՝ միաժամանակ, սակայն, հավելելով, որ որ դրանից զատ, դեռ անհրաժեշտ կլինի ևս 10-15 քայլ, որպեսզի այս ամենը առաջ շարժվի և իրականացվի:
«Իսկ այս ընթացքում անպայման կառաջանան որոշ խնդիրներ, որոնք գուցե չէին կանխատեսվել: Այս ամենի համար անհրաժեշտ կլինի ամերիկյան կողմի շատ լուրջ և հետևողական մասնակցությունը։ Եվ, անկեղծ ասած, սա, հավանաբար, ամենակարևոր հարցն է՝ որքանով է ամերիկյան կողմը լուրջ և որքան երկար է մտադիր մասնակցել այս հարցի քննարկմանը», - շեշտեց Վարդանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում «նոր պարզ կդառնա՝ ինչ ունենք ֆիքսած». ՔՊ պատգամավորReuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Արդբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ:
Օլեսյա Վարդանյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.