Մատչելիության հղումներ

Ստորագրվի, թե նախաստորագրվի՝ Թրամփը դա կներկայացնի որպես խաղաղության ձեռքբերում. փորձագետ


«Եթե հիմք ընդունենք այն արտահոսքերը, որոնք կան միջազգային մամուլում կամ տարբեր փորձագետների սոցիալական հարթակներում հրապարակված տեղեկություններում, կարող ենք ենթադրել, որ տեղի է ունենալու պայմանագրի նախաստորագրում», - ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում խոսելով Վաշինգտոնում այսօր սպասվող իրադարձությունների մասին:

«Ի՞նչ է դա փոխում: Ինչքանով ես եմ հասկանում, ենթադրվում է, որ նախաստորագրված պայմանագրում այլևս փոփոխություններ անել հնարավոր չէ, հետևաբար՝ վաղվանից սկսած կամ այսօր երեկոյից սկսած, եթե պայմանագիրը նախաստորագրվում է, մենք կունենանք մի իրավիճակ, որ կա՛մ նույնությամբ նախաստորագրված տեքստը պետք է ստորագրվի, կա՛մ չպետք է ստորագրվի», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Թվում է՝ էական փոփոխություններ չկան, սակայն եթե սա դիտարկենք, ասենք, 2026-ի հունիսին սպասվող Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համատեքստում, ապա, դիցուք, սցենար համար 1՝ մենք ունենում ենք նոր կառավարություն, ապա կստացվի, որ այդ նոր կառավարությունը փաստացի չի ունենում բանակցված տեքստը փոխելու հնարավորություն: Այսինքն՝ Ադրբեջանը կարող է ասել՝ «խնդրեմ, սա նախաստորագրվել է, ընդ որում՝ նախաստորագրվել է Հայաստանի օրինական իշխանության կողմից, հետևաբար՝ փոփոխություններ չկան, կա՛մ բարի եղեք ստորագրել այն, ինչ նախաստորագրվել է, կա՛մ ստացվում է, որ ընդհանրապես հրաժարվում եք պայմանագրի ստորագրումից», իսկ դա արդեն կարող է մեկնաբանվել որպես բանակցությունների տապալումից մինչև ռևանշիզմ, ոչ կառուցողական մոտեցում և այլն»:

Պողոսյանի կարծիքով՝ «Ադրբեջանի տեսակետից գուցե սա է կարևոր, Հայաստանի տեսակետից էլ՝ դժվար է ասել, որովհետև թվում էր, թե հիմնականում Ադրբեջանի պահանջներն են իրականացվել», բայց նա չի բացառում, որ «Հայաստանն էլ գուցե ունի մտավախություն, որ Ադրբեջանը է՛լ ավելի բարդ պայմաններ կարող է առաջ քաշել և, հետևաբար, դիտում է այս նախաստորագրումը՝ ա), որ Ադրբեջանը չի կարող հավելյալ բարդ պահանջներ կամ պայմաններ առաջ քաշել, և երկրորդ՝ ամեն դեպքում, գուցե ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, կամ այսպես ասենք՝ ևս մեկ քայլ դեպի պատերազմի հավանականության նվազեցում»:

«Եթե Երևանը հիմա նախաստորագրում է այդ փաստաթուղթը, չի՞ ստացվում, որ նույնիսկ Վաշինգտոնը չկարողացավ ճնշել Բաքվին, որ հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու նախապայմանից», - այս հարցին փորձագետն արձագանքեց. - «Կարող ենք այդպես ասել, չնայած վստահ չենք՝ իսկ ընդհանրապես Վաշինգտոնը, մասնավորապես՝ Թրամփի վարչակազմը, ցանկանո՞ւմ է ճնշել Ադրբեջանին, կամ արդյո՞ք Թրամփի համար այդքան կարևոր է պայմանագրի ստորագրումը»:

«Եթե նայենք նույն Թրամփի վերջինիս հրապարակումը իր սոցիալական էջում, այնտեղ խոսքը գնում է պատմական խաղաղության գագաթնաժողովի մասին, այսինքն, Թրամփի պատկերացմամբ, կամ առնվազն այն, ինչպես դա կներկայացվի ամերիկյան ընտրողին, որոնք հետաքրքրված են, որ Թրամփը հաջողություններ ունենա, կամ Թրամփն է հետաքրքրված, որ իրեն ներկայացնի որպես խաղաղարար, նա ինքն արդեն իրեն ներկայացնում է որպես մարդ, որը լուծում է մի պատերազմ, որը տևել է 40 տարի, ոչ ոք չէր կարողանում լուծել: Ընդ որում՝ Թրամփի գրածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մինչև երեկ ռազմական ինտենսիվ գործողություններ էին ընթանում, և հանկարծ Թրամփը եկավ և մեկ օրում ամեն ինչ կարգավորվեց, որ չկար բանակցային գործընթաց: Հետևաբար՝ երևի թե նախագահ Թրամփի տեսակետից այդքան էլ էական չի՝ կստորագրվի՞, թե՞ կնախաստորագրվի, ինքը դա կներկայացնի որպես խաղաղության ձեռքբերում», - ասաց Պողոսյանը:

«Ճանապարհի մասին. կարծում եք՝ խոսքը ընդհանուր ուղիների ապաշրջափակմա՞ն մասին է», - այս հարցին էլ փորձագետը պատասխանեց. - «Կա տեղեկույթ, որ ստեղծվելու է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, հետո այդ ձեռնարկությունը արտապատվիրակելու է կամ վարձելու է ինչ-որ պահնորդական ծառայություն: Ամեն դեպքում, մենք ենթադրում ենք, որ լինելու է ինչ-որ պարզեցված ընթացակարգ գոնե՝ ադրբեջանական բեռների համար: Հիմա, եթե արդյունքում մենք ունենանք մի իրավիճակ, երբ Հայաստանը համաձայնվել է որևէ պարզեցված ընթացակարգի՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան, իսկ Ադրբեջանը չի համաձայնվել նույն պարզեցված ընթացակարգով, ենթադրենք, Երևանից Նախիջևանի տարածքով Մեղրի կամ Երևանից Նախիջևանի տարածքով Իրան, կամ Իջևանից Ղազախ և այնուհետև Ռուսաստան, ապա մենք կարող ենք ֆիքսել, որ երևի թե կգործի միայն այդ ճանապարհը»:

«Ֆորմալ, այո, Ադրբեջանը կարող է ասել՝ խնդիր չկա, ճանապարհները բաց են, ցանկացած հայ կարող է նստել ավտոմեքենա և Երասխում հատել Հայաստան - Նախիջևան սահմանը, մեքենա վարել երկուսուկես ժամ կամ երեք ժամ Նախիջևանի տարածքով և գնալ Մեղրի: Սակայն բոլորս ենք հասկանում, որ որևէ ռացիոնալ, ես կասեի նույնիսկ՝ որևէ մասամբ ռացիոնալ մարդ դժվար թե այս պայմաններում դրանից օգտվի», - ընդգծեց Բենիամին Պողոսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG