Մատչելիության հղումներ

50 միլիոն դոլար. կառավարությունը հնարավորություն կստանա վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր 20 տոկոսը


«Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու գործընթացին զուգահեռ կառավարությունը քննարկում է ամենախոշոր կապի օպերատոր «Վիվա Արմենիայի» պետական 20 տոկոս բաժնեմասերը վաճառելու հարցը: Գործադիրը 1.5 տարի առաջ էր այս բաժնեմասերը նվեր ստացել ընկերության նոր սեփականատեր FEDILCO GROUP LIMITED-ից: Այժմ նվիրատուն առաջարկում է իր նվերը հետ գնել:

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում թույլատրեց Կիպրոսում գրանցված FEDILCO GROUP LIMITED-ի հետ վաճառքի օպցիոնի պայմանագիր կնքել: Սա ենթադրում է, որ մի շարք ընթացակարգային հարցեր լուծելուց հետո կառավարությունն իրավունք է ստանում գնորդից պահանջել ձեռք բերել 20 տոկոս բաժնետոմսերը: Գինն էլ են սահմանել՝ 50 միլիոն դոլար: Ըստ այսօր ընդունված որոշման՝ նախատեսում են օպցիոնի ժամկետը մինչև 2028-ի մայիս սահմանել, այսինքն՝ այս ժամանակահատվածում կառավարությունը կկարողանա գործարքի պահանջով դիմել ընկերությանը:

«Ոչ մեկը թող խեթ հայացքով մեզ չնայի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ընդունված փաստաթղթերում, սակայն, չի հիմնավորվում հնարավոր գործարքի անհրաժեշտությունը, միայն հայտնում են՝ ընկերությունն է առաջարկել, իրենք էլ, հաշվի առնելով առաջարկն ու հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը, որոշել են թույլատրել համապատասխան պայմանագրի ստորագրումը:

Ինչո՞ւ են համաձայնել, ինչպե՞ս է 50 միլիոն դոլար գինը որոշվել, ի՞նչ սկզբունքներով են մի կողմից հանրային ծառայություն մատուցող ՀԷՑ-ը փորձում պետականացնել, մյուս կողմից՝ քննարկում հանրային ծառայություններ մատուցող մեկ այլ խոշոր ընկերության բաժնեմասերի օտարումը. այս հարցերն առայժմ անպատասխան են: Կառավարությունն այսօր կողմ քվեարկեց առանց հրապարակային քննարկումների:

Ավելին, նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ ոչինչ չասաց. «Քանի որ մեր որոշումը չէ, ես սխալ ճիշտ չէ, որ հիմա դնեմ, մեկնաբանեմ տառ առ տառ, առավել ևս եթե մերը չէ»:

Կառավարության քայլերը մեկը մյուսին չեն համապատասխանում. տնտեսագետ

Կառավարության քայլերը մեկը մյուսին չեն համապատասխանում, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս գործընթացներն իրենք իրականացնում են՝ ոչ թե ինչ-որ ընդունված, պետական, տնտեսական, գույքային քաղաքականությունից ելնելով, այլ ուղղակի անձնական այս կամ այն հաշվարկից կամ անձնական պայմանավորվածությունից ելնելով», - հավելեց նա:

«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում», - այսօր նիստի ժամանակ շեշտեց վարչապետ Փաշինյանը:

«Վիվա»-ից բացի, գործադիրը բաժնեմասեր ունի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ու «Լիդիան»-ին պատկանող Ամուլսարի հանքավայրում: Բաժնեմասերը վաճառելու իշխանությունների մտադրությունն առնվազն չի տեղավորվում թեմայի վերաբերյալ նախկինում արված հայտարարությունների տրամաբանության մեջ: Անցած այս ամբողջ շրջանում կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, հպարտանում էր ռազմավարական նշանակության ընկերություններում պետության մասնակցությամբ:

Տնտեսագետ Պարսյանը հիշեցնում է՝ պատմությունն ի սկզբանե մշուշոտ էր, 1.5 տարի առաջ այդպես էլ չհիմնավորեցին՝ ինչու են ընկերության սեփականատերերն այսքան առատաձեռն:

«Ոչ ոք չհասկացավ՝ ինչու այդ մասնաբաժինը նվիրվեց կառավարությանը, ինչի դիմաց, որովհետև ոչ ոք ոք մեկին նման խոշոր միլիոնավոր դոլարների նվիրատվությունը չի անում հենց այնպես», - շեշտեց նա:

Պետությանը 20 տոկոս բաժնեմաս նվիրաբերելու մասին ընկերությունը հայտարարեց սեփականատերերի փոփոխության գործընթացի ավարտին, սկզբում կարգավորող հանձնաժողովը չէր թույլատրել «Վիվա»-ի վաճառքը, պատճառաբանել էին՝ այն կարող է վնաս հասցնել Հայաստանի ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ Կես տարի անց, սակայն, նույն գնորդի կողմից նույն ընկերությունը ձեռք բերելու հայտը նույն պետական մարմինը բավարարեց, փորձագետները կասկածներ ունեին՝ գուցե հենց 20 տոկոսի պայմանով էր պետությունը համաձայնել:



Ի դեպ, «Վիվա Արմենիան» պատրաստվում է ընդլայնվել, ընկերությունն «Օվիո» անունը ստացած նախկին «Ռոստելեկոմը» գնելու գործընթաց է սկսկել: Պարսյանն ընդգծում է՝ «Վիվա»-ի բաժնետոմսերն այսպիսով կթանկանան. տնտեսագետի կարծիքով՝ ընկերությունն իր 20 տոկոսը ֆիքսված գնով վերադարձնելու հնարավորությամբ փորձում է ապահովագրել իրեն, որ հետագայում ստիպված չլինի ավելի շատ վճարել այժմ պետությանը պատկանող մասնաբաժնի համար:

XS
SM
MD
LG