Մատչելիության հղումներ

եթերում Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

Վաշինգտոնում այսօր հանդիպեցին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ նախագահը

Երեք երկրները ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն հանձն են առել ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

23:27 8.8.2025

Ամերիկացի պաշտոնյաները այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում նշել են, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առևտրային խնդիր է, ոչ թե բարեգործություն։

«Սա շահավետ ներդրումային գործարք է», - ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ վերջին օրերին առնվազն ինը ընկերություն հետաքրքրություն է հայտնել տարանցիկ միջանցքը շահագործելու հարցում, այդ թվում՝ երեք ամերիկյան ընկերություններ։

23:24 8.8.2025

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողք կողքի կանգնած միմյանց ձեռք էին սեղմում, հանդիպումը լուսաբանող լրագրողներից մեկը տեղից հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում քրիստոնյաների հալածանքները։ Ոչ ԱՄՆ նախագահը, ոչ էլ ՀՀ վարչապետը չարձագանքեցին հարցին։

23:22 8.8.2025

Վաշինգտոնում գործող «Ազատություն հիմա» իրավապաշտպան խումբը կոչ է արել Թրամփի վարչակազմին օգտագործել Ալիևի հետ հանդիպման առիթը՝ «մարդու իրավունքների համատարած խախտումների» վերաբերյալ մտահոգությունները բարձրացնելու և երկրում պահվող մոտ 375 քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջելու համար։

23:09 8.8.2025

Լուսանկարներ Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ հանդիպման մեկնարկին՝


22:51 8.8.2025

Սպիտակ տանը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝

22:48 8.8.2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տան մոտից՝ գրելով՝ «հիմա»:

Լուսանկարում ԱՄՆ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի դրոշներն են:


22:45 8.8.2025

Քիչ առաջ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կստորագրեն ԱՄՆ միջնորդությամբ կնքված նախնական խաղաղության համաձայնագիր:

Փաստաթղթի նպատակն է, ըստ գործակալության, ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի, հետո՝ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։

Ըստ Reuters-ի` համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա բացառիկ իրավունք Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։

«Առաջին հերթին պարզ չէ, թե ինչպես են այսօր ստորագրվելիք համաձայնագրերը լուծելու այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսին են ընդհանուր սահմանների սահմանազատումը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը», - Վաշինգտոնից հաղորդում է Reuters-ի թղթակիցը` հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ շրջանցել են Լեռնային Ղարաբաղի հարցը։

22:21 8.8.2025

Սպիտակ տանը նախապատրաստական աշխատանքներ են՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ:

22:20 8.8.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

22:13 8.8.2025

«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG