Շաբաթավերջին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահը կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին։ Հանդիպմանը Երևանն ու Բաքուն կարող են մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Մամուլի հրապարակումների և դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ նախատեսված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահ Թրամփի հետ առանձին-առանձին կբանակցեն նախքան եռակողմ հանդիպումը, որի ժամանակ խաղաղության շրջանակային համաձայնագիր կստորագրվի:
Հետպատերազմյան բանակցություններ
Չնայած դեռևս 2025 թվականի մարտին միջազգային դերակատարները ողջունեցին խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը, սակայն տարիներ տևած երկկողմ բանակցություններից հետո փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագիրը չի ստորագրի, քանի դեռ Հայաստանն իր Սահմանադրությունից չի հանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հղումները և չի համաձայնել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ միակ միջազգային միջնորդ մարմինը, որը տասնամյակներ շարունակ փորձել է բանակցային ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ։
Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրություն են մշակում, բայց վստահեցնում են, թե դա Բաքվի պահանջով չեն անում և որ Մայր օրենքը Հայաստանի ներքին գործն է։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա պաշտոնական Երևանը մինչև վերջերս հայտարարում էր, թե դա պատրաստ է անել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ:
Կանգ առած սահմանազատումը
2024 թվականի գարնանը Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ իրականացրին իրենց հյուսիսային սահմանի 13 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը:
Երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել սահմանազատման գործընթացը, սակայն սահմանի մյուս, այդ թվում այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Հայաստանի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը, դեռևս առաջընթաց չի գրանցվել:
Հայաստանի ընդդիմությունը դատապարտել է սահմանազատման գործընթացը և Երևանի կողմից իրականացվող հետագա դիվանագիտական քայլերը՝ այն որակելով որպես «կապիտուլյացիա»՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Այնուամենայնիվ, ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները, որոնք 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին հազարավոր մարդկանց էին դուրս բերել փողոց ի վերջո մարեցին։ Հայաստանի վարչապետը պնդում է, որ Ադրբեջանի հետ կայուն և երկարատև խաղաղության հասնելու իր կառավարության ջանքերը հանրային լայն աջակցություն են վայելում:
«Զանգեզուրի միջանցքը»
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում մեկ այլ խոչընդոտ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
2020 թվականին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանը պետք է երաշխավորեր «տրանսպորտային կապուղիների անվտանգությունը»՝ ապահովելու անխափան երթևեկությունը Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև՝ «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար»։
Հայաստանը մշտապես պնդել է, որ իր տարածքով Ադրբեջանին տրամադրվելիք ցանկացած տարանցիկ ճանապարհ պետք է տեղի ունենա տարածաշրջանային ապաշրջափակման ավելի լայն համատեքստում և հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Երևանի պաշտոնյաները մերժել են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ այն անվանելով Ադրբեջանի կողմից քողարկված տարածքային պահանջ:
2024 թվականի օգոստոսին Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարեցին, որ հաղորդակցության հարցը կլուծվի խաղաղության համաձայնագրից առանձին։
2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս սահմանապահները պետք է պատասխանատվություն կրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև «տրանսպորտային կապերի վերահսկման» համար։ Սակայն երբ ռուս խաղաղապահները 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ չկարողացան պաշտպանել տեղի հայ բնակչությանը, հետո էլ ի վերջո դուրս եկան այնտեղից, աշխարհաքաղաքական առումով Հայաստանը զգալիորեն հեռացավ Մոսկվայից՝ ավելի սերտորեն համագործակցելով Արևմուտքի հետ։
Միացյալ Նահանգների դերը
Չնայած Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են տարաձայնություններ ունենալ Հայաստանի հարավային Սյունիքի մարզով դեպի Նախիջևան տարանցիկ ճանապարհի վերահսկողության շուրջ, երկու կողմն էլ այժմ, կարծես, դեմ են Ռուսաստանի ներգրավվածությանն այդ նախագծում։
Իսկ ԱՄՆ ներգրավվածության վերաբերյալ քննարկումները՝ որպես երկարաժամկետ լուծում ձգձգվող վեճի համար, սկսեցին շրջանառվել հատկապես 2025 թվականի հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ այդ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հենց հաղորդակցային խնդիրներին, և քննարկվել է նաև Միացյալ Նահանգների առաջարկը՝ 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք բոլոր առաջարկները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիմքի վրա»։
Փաշինյանի մամուլի խոսնակն էլ ավելի ուշ հայտարարեց. «ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել»
Հուլիսի վերջին Հայաստանի վարչապետը հաստատեց, որ Միացյալ Նահանգները առաջարկել է, որ Սյունիքով մարդկանց և բեռների տարանցումը կառավարվի ամերիկյան ընկերության կողմից։ Նա հայտարարեց Երևանի պատրաստակամությունը Սյունիքով անցնող երթուղու կառավարումը «արտապատվիրակել» ամերիկյան ընկերությանը կամ նոր ստեղծվելիք համատեղ ձեռնարկությանը, միաժամանակ պնդելով, որ Հայաստանը պետք է լիարժեքորեն պահպանի իր ինքնիշխանությունը Իրանին հետ սահմանակից այդ մարզում։
Տարածաշրջանի գերտերությունները [մեղմ ասած] ուրախ չեն
Ռուսաստանը և Իրանը մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի հնարավոր ներկայության վերաբերյալ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում։
Մոսկվան մեղադրել է Վաշինգտոնին՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը յուրացնելու և տարածաշրջանային դերակատարներին շրջանցելու փորձի մեջ։ «Արևմտյան երկրները նպատակ ունեն Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել իրենց հուն», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք նաև գիտենք, թե սովորաբար ուր են տանում այդ ուղիները… Դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության համակարգի անհավասարակշռության»։
Իրանի կոշտ դիրքորոշումը
Իրանն էլ իր հերթին կոշտ կերպով կտրուկ դեմ է արտահայտվել ցանկացած գործարքի, որը կարող է վտանգել Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանը։
Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ իրականում թաքնված է լայն աշխարհաքաղաքական ծրագիր. - «Իրական նպատակն է թուլացնել «դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և հարավում Իրանի ու Ռուսաստանի դեմ իրականացնել ցամաքային բլոկադա»:
«Նորից որոշ հավակնոտ կառավարություններ, որոնք անտարբեր են թե՛ սեփական շահերի, թե՛ տարածաշրջանի հանդեպ, կրկին առաջ են բերում ,«Զանգեզուրի միջանցքի» հարցը և դռնեդուռ ընկած փորձում են առաջ տանել իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում,» – գրել է Վելայաթին X-ում, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Թրամփը Սպիտակ տանը պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։
Թրամփի խաղաղության նոբելյան մրցանակի հայտը
Փորձագետների կարծիքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպումը կարող է դառնալ մեծ հնարավորություն նախագահ Դոնալդ Թրամփի համար՝ ամրապնդելու խաղաղության նոբելյան մրցանակի իր հավակնությունը:
Սպիտակ տունը պնդում է, որ Թրամփն արդեն հաջողությամբ ավարտին է հասցրել մի շարք գլոբալ հակամարտություններ՝ ներառյալ Թաիլանդի և Կամբոջայի, Իսրայելի և Իրանի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի և Պակիստանի, Սերբիայի և Կոսովոյի, ինչպես նաև Եգիպտոսի և Եթովպիայի միջև վեճերը։
Հավանական է, որ հայ-ադրբեջանական հնարավոր հայտարարությունը կհամընկնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով նախագահ Թրամփի կողմից Պուտինին ուղղված «վերջնագրի» ժամկետի լրանալու հետ: